Առանց այն էլ հեղափոխականացված երկրում հեղափոխություն անելու փորձը հիմարություն է
17.12.2019 | 01:37
Ես բազմիցս եմ գրել մեր տարածաշրջանում իրանական գործոնի մասին և միշտ հիմնավորել եմ իմ տեսակետը, որովհետեև, որպես հեղինակ, ունեմ ընթացիկ պահի գլխավոր խնդրի իմ պատկերացման իրավունքը։ Ընդ որում, չպետք է վկայակոչել այն, որ հիմնախնդրի իմ պատկերացումը ես ներկայացնում եմ համաշխարհային հանրության ուշադրությունը գրաված իրադարձություններից 10-20 օր հետո։ Վերլուծական աշխատանքը չի ենթադրում հապճեպ «ճչոցներ». անհրաժեշտ է գիտակցել կատարվածը և հետևել հետագա իրադարձություններին ու քայլերին։ Իրանում նոյեմբերի 16-17-ի իրադարձությունները, որոնք մենք արդեն լուսաբանել ենք և անվանել «բենզինային խռովություններ», ճիշտ է՝ չհաջողված, շարունակում են հուզել շատերի երևակայությունը, այդ թվում՝ նրանց, ովքեր կեղծավորաբար իրենց համարում են «Իրանի ժողովրդի բարեկամներ»։ Բայց զարմանալի է, որ և՛ նրանք, և՛ Իրանի իրական բարեկամներից շատերը չեն հասկանում մի պարզ ճշմարտություն. հեղափոխության, թեկուզ և Իսլամական, ռելսերով ընթացող երկիրը չի կարող տեղափոխվել այլ «հեղափոխությունների ռելսերի վրա»։ Դա բացառված է առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում ընդունված է միաստվածությունը։ Իսկ որպեսզի նման անհավատալի բան կատարվի, պետք է «ջնջվեն» հուդայականությունը, քրիստոնեությունը, հետո էլ՝ իսլամը։
Աբրահամական երեք կրոնների անհետացման մասին մեր ասածն այն դիտումներից է բխում, որոնք մենք արեցինք Երևանում նոյեմբերի 22-ին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, այսինքն՝ Իրանում բողոքի գործողություններից 5 օր և այդ բողոքներից օգտվել փորձողների զինված ելույթները իրանական ուժայինների և ժողովրդական «Բասիջ» աշխարհազորի կողմից ճնշելուց 6 օր հետո։ Մենք միտումնավոր ենք ընդգծում «ժողովրդական» բառը։ Իրանի ներսում «հինգերորդ շարասյուների» կազմակերպիչները ոչ մի կերպ չեն հասկանում, որ այդ երկրում արտաքին թշնամիներին դիմադրություն կազմակերպող մարմինները գոյություն ունեն տասնյակ տարիներ, և Իրանը Իրաք կամ Սիրիա չէ, որտեղ ժողովրդական աշխարհազորերը կազմակերպվում էին հապճեպորեն, ծանրագույն պատերազմների պայմաններում։ ՈՒրեմն, ի՞նչ էր տեղի ունեցել Երևանում։ Մի խումբ անհասկանալի մարդիկ, որոնք գոռում և երգում էին պարսկերեն, նախ 10-11 հոգով գոռգոռացին Կառավարական տան մոտ, այնուհետև ուղևորվեցին դեպի Հայաստանում Իրանի դեսպանություն, որտեղ կրկնեցին իրենց գոռգոռոցը, բայց մի հետաքրքիր հավելումով։ Ինչպես հաղորդել են հայկական հեռուստաալիքները, սույն «աջակցության խումբը» (բայց ու՞մ էր աջակցում. բողոքներն Իրանում նոյեմբերի 22-ին վերաճեցին իշխանությունների և ուժայինների հետ համերաշխության գործողությունների) վանկարկում էր. «Կորչի՛ այաթոլա Խամենեին», «Կորչի՛ իսլամը»։ Ըստ տվյալների, որոնք կարիք ունեն ստուգվելու և վերաստուգվելու, «Իրանի բողոքավորներին աջակցող» (այն էլ՝ 5-6 օր հետո) սույն խումբը Հայաստան է եկել Արևմտյան Եվրոպայից։ Այո, Արևմուտքում իրանական ծագում ունեցողներ շատ կան, որոնք Իրանի քաղաքացի չեն։ Արևմուտքում (Ֆրանսիայում և Անգլիայում) հիմնավորվել է իրանական «Մոջահեդին է Հալք» (ՄԷՀ) ահաբեկչական խմբավորումը, բայց սրանք ակնհայտորեն Իրանի քաղաքացի չէին, մանավանդ որ Երևանում դեմքները փակել էին բժշկական դիմակներով։
Իմ տվյալներով, իրանական դեսպանության պաշտոնապես լիազորված անձը հանդիպում է ունեցել վարչապետ Փաշինյանի շրջապատի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, որն իհարկե փորձել է շփոթեցնել իրանցի դիվանագետին, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բոլոր բողոքները թույլատրվում են և այլն։ Շատ անմիտ արդարացում է, եթե հաշվի առնենք, որ Իրանն առանց որևէ դժվարության կարող է հենց Երևանում ձերբակալել, ասենք, ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գործակալին, ինչպես դա եղավ ընթացիկ տարվա ամռանը, երբ իրանական մարմիններն արձանագրեցին ԿՀՎ-ի լրտեսապետի հանդիպումը նրա իրանցի գործակալի հետ երևանյան սրճարաններից մեկում։ Չէ՞ որ իրանական դիվկազմը մոտիկից է դիտել և դիտում բացարձակապես ամեն ինչ, որ կատարվում է Երևանում 2018-2019-ին, ոչ թե օգտվում է Թեհրանից եկող հրահանգներից։ Իրանական դեսպանատանը խնամքով ու մանրամասնորեն ուսումնասիրում են բառացիորեն այն ամենը, որ գրվում կամ հնչեցվում է Հայաստանում ամենատարբեր հարցերի ու խնդիրների կապակցությամբ։ ՈՒստի հասկանալի է իրանցիների տարակուսանքով լի մտահոգությունը, որ, իմանալով կամ կռահելով Արևմուտքից ժամանած խմբի մտադրությունները, ոչ մեկը Երևանում Իրանի դեսպանատան մոտ չուղարկեց ոստիկանության կամ նույնիսկ ԱԱԾ-ի ուժեր։ Իսկ եթե «բողոքավորներին աջակցողները» դեսպանության դեմ ահաբեկչությու՞ն ձեռնարկեին։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Փաշինյանի մերձավոր շրջապատին հասած իրանցի դիվանագետն իր հերթին պատասխանել է, որ իր երկիրն էլ ունի ամենաժողովրդավարական իրավունքը՝ պաշտպանելու իր շահերը և իր դիվանագետների անվտանգությունը, նույնիսկ տվյալ միջոցառումները (շահերի պաշտպանության և դիվանագետների անվտանգության) կանխիչ կերպով իրականացնելու իրավունքը, որտեղ էլ պահանջվի և ինչ էլ պահանջվի։ Կասկածից դուրս է, որ Հայաստանի իշխանությունները չեն իմանա, թե ինչ պատասխանեն Իրանի դիվանագետներին ու իշխանություններին և լուռ կմնան։
Դրվագն ինքնին պերճախոս է, ուստի չենք էլ ուզում հրապարակավ կասկած հայտնել, որ Հայաստանի իշխանությունները հիանալի գիտեին, թե դա գոռգոռացողների ինչ խումբ է, ումից է ոգեշնչվում, ինչ փողերով կամ խոստումներով։ Բայց քանի որ գոռգոռացողների կողքին «նշմարվել» է Իրանի ինչ-որ նախկին քաղաքացի, հայկական ծագմամբ, որն այժմ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից է, ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի միջոցներից, ապա կներեք։ Մեծ անմտություն կլիներ արտասահմանյան, մասնավորապես ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Իրանի քաղաքացիների խաղաղ բողոքը փողոցային ջարդերի ու կռիվների վերածելու փորձին կամ ահա Հայաստանի մայրաքաղաքում վերոնշյալ «աջակցության գործողությանը» մասնակցելը ժխտելը։ Եթե Հայաստանում լիներ ազգային կողմնորոշմամբ ԱԱԾ, ապա Իրանի համապատասխան հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ հակահետախույզները Երևանում արդեն կիմանային հակաիրանական ելույթի և կազմակերպիչներին, և՛ մասնակիցներին, կբացահայտեին կապերը և այլն։
Հարցը իմաստավորման ու մշակման կարիք ունի, որովհետև այսօր շատերին է հետաքրքրում, թե ինչպիսին է Իրանում ու նրա շուրջ իրադարձությունների զարգացման հեռանկարը։ Կյանքը ցույց է տվել, որ Իրանին պետք չեն «բանակցություններ փողոցի հետ», այն ոչ ՈՒկրաինա է, ոչ Հայաստան։ Օրինակ, այն պնդումը, որ եթե իրանական իշխանությունները «փողոցային զիջումների» չգնան, ապա «ներքաղաքական ապակայունացման գործընթացներն ուժ կհավաքեն ու կարող են ունենալ ամենաանհավանական հետևանքներ», զուրկ է հիմքերից։ Ընդ որում, այդ պնդումը հնչեցրել է ռուս հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Պետք է պարզապես իմանալ Իրանի պատմությունը. ինչպես շահի օրոք, այնպես էլ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը երբեք չի գնացել «փողոցի հետ համաձայնության»։ Իրանում չինական Տյանանմին հրապարակի օրինակը միշտ ավելի հասկանալի է եղել։ Իսկ ընդհանրապես ո՞ր փողոցի հետ «համաձայնության գալ»։ Չնչին փոքրամասնությա՞ն, թե՞ ճնշող մեծամասնության։ Նոյեմբերի 21-ին Իրանի ավելի քան 1000 խոշոր քաղաքների փողոցներում հանրահավաքներ ու ցույցեր էին ընթանում, որոնց մասնակիցները պահանջում էին դատել սադրիչներին և օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներին։ Այդ զանգվածային շարժումն ընդգրկեց հարյուրահազարավոր իրանցիների։ Տեղին են հետևյալ հարցերը.
1) աշխարհի տարբեր մայրաքաղաքներում ո՞վ է այդքան անբարեխղճորեն համոզել բազմաթիվ փորձագետների, որ Իրանում «շատ շուտով իշխանափոխություն կլինի»,
2) Իրանի իշխանություններն ինչի՞ մասին պետք է «համաձայնության գան» փողոցի հետ, որով քայլողների մեծամասնությունն իշխանությունների կողմնակիցն է։ Իսկ մի՞թե ժողովրդավարությունը ամենաթողությունն է փոքրամասնության համար և այլևս մեծամասնության իշխանությունը չէ։ Եվ այսպիսի դիտարկում. զարմանալի է, բայց ո՛չ Արևմուտքում, ո՛չ էլ ներկայիս Հայաստանում գործնականում ոչինչ չի գրվել այն հարյուրհազարավոր իրանցիների մասին, որոնք ևս բողոքի էին դուրս եկել նոյեմբերի 21-ին, բայց բողոքում էին վարձկանների և ահաբեկիչների ապօրինությունների դեմ։ Որտեղի՞ց այդ ընտրողականությունը և ի՞նչ արժե, պարոնայք լրագրողներ։
Նոյեմբերի 17-ի թշնամական ելույթի ճնշումից հետո Իրանում ուժեղ թափով գործում էր հատուցման անիվը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, գեներալ Ռամազան Շարիֆը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ ձերբակալված են բողոքների և իշխանության ու ժողովրդի դեմ զինված ելույթների փորձերի կազմակերպիչները։ Ըստ նրա, բողոքները կազմակերպել էին արգելված, այդ թվում՝ անջատողական խմբավորումները, որոնք օգտվել էին երկրի մի շարք քաղաքացիների դժգոհությունից։ Շարիֆը չբացառեց, որ ցուցարարների հետևում կարող էին լինել մինչև 1979 թ. Իրանում տիրած Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի ընտանիքի անդամները։ ԻՀՊԿ-ն Ալբորզ, Ֆարս, Թեհրան և Խուզիստան նահանգներում վերջին բողոքների կազմակերպիչների զանգվածային ձերբակալություններ է կատարել։ Ըստ գեներալի, ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը կապեր է ունեցել արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ։ Զանգվածային բողոքներ են եղել առնվազն 100 քաղաքում, բայց նրանք ավարտվել են երեք օրում, ինչը վկայում է, որ ժողովուրդը չի պաշտպանել բողոքավորներին։
Նույն օրը Քերմանշահի նահանգապետ Խուշանգ Բազվանդը հայտարարեց, որ անկարգությունների ընթացքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ), «Մոջահեդին Է Հալք» (ՄԷՀ) և «Քրդստանում ազատ կյանքի կուսակցություն» (ՔԱԿԿ) ահաբեկչական խմբերի ներկայացուցիչներ։ Այդ երեք խմբերն Իրանում ճանաչված են հանցավոր, իսկ ՄԷՀ-ի ահաբեկիչներին վերջերս Ֆրանսիայի իշխանությունները որոշել են արտաքսել իրենց երկրից։ Բազվանդը նշել է, որ «բողոքներում» հստակ նշմարվում է օտարերկրացիների հետքը, իսկ բողոքների բոլոր պատվիրատուները վաղուց հայտնի են։
Բոլոր հիմքերը կան համարելու, որ Երևանում Իրանի դեսպանատան մոտ գոռգոռացողների մեծ մասը նախորդ օրը Հայաստան էր ժամանել Փարիզից։ Այսինքն, տեսականորեն նրանք կարող են կապ ունենալ ահաբեկչական ՄԷՀ խմբավորման փարիզյան կառույցների հետ։ Այժմ Հայաստանում ահաբեկիչներն ազատ զբոսնում են, ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամները, որոնք մեղադրվում են 2016 թ. ամռանը ՊՊԾ Էրեբունու գնդում ոստիկանների սպանության համար։ Ի դեպ, անհասկանալի է, թե ուր են «կորել» «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զանգվածային գործողության նախապատրաստության մեղադրանքով 2018 թ. ապրիլի 21-ին Հայաստանի ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ահաբեկիչները, որոնք մտադիր էին 100-150 կառավարվող ականներ և այլ պայթուցիկ սարքեր տեղադրելու։ Որտե՞ղ։ Երևանում՝ «Դալմա մոլում»... Կամուրջների մոտ կամ վրա... Բնակելի տների մոտ կամ մեջ... Օպերայում... ՈՒզում էին սարսափի մթնոլորտ ստեղծել երկրում։ 19 մարդ էր կապված «Սասնա ծռերի» հետ, միայն վեցը ձերբակալվեց։ Բայց թե որտեղ են նրանք, Հայաստանի քաղաքացիները չգիտեն։ Իսկ որևէ մեկը գիտի՞։ Այդ պատճառով շատ չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանի իշխանությունները կանխամտածված կերպով երկիր են թողել իրանական ՄԷՀ ահաբեկչական խմբավորման մարդկանց...
Վերադառնանք Իրանին։ Խիստ հատկանշական է, որ հենց նոյեմբերի 24-ին Իրանի ժողովրդի առաջ հանդես եկավ նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) նախագահ, դերծովակալ Ալի Շամխանին։ Նա հայտնեց, որ ԻՀՊԿ-ն կանխել է Իրանի հարավի Էսելուե գազի հանքավայրի դեմ ահաբեկչությունը. «Էսելուեի վրա պլանավորված հարձակումը կանխված է։ Հնարավոր է, որ թշնամին ուզում էր վրեժ լուծել սաուդյան օբյեկտների վրա եմենյան «Անսարուլահ» շարժման հարձակման համար, բայց անհաջողության մատնվեց»։ Ըստ Շամխանիի, այդ ամենը եղել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապված անձանց ձեռքի գործը։ Դերծովակալից մեկ օր առաջ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին կառավարության նիստի կողասրահում հայտնել էր թշնամիների կողմից Էսելուեի նավթամուղի օբյեկտները պայթեցնելու ջանքերի, Շիրազում կապի համակարգերի և ԻԻՀ մի շարք ռազմական կենտրոնների վրա հարձակման պլանների մասին։ Նույն օրը ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ, դերծովակալ Ալի Ֆադավին լրագրողներին հայտնել է, որ անկարգություններին ԱՄՆ-ի պաշտոնական անձանց աջակցությունը եղել է աղաղակող, «և այդ մասին հենց իրենք են հայտարարել»։ Նա ափսոսանք է հայտնել, որ մի շարք երկրներ պաշտպանել են հանցագործների բռնի գործողությունները, որոնք փորձում էին օգտվել բողոքից, և ընդգծել է. «40 տարի ԱՄՆ-ը չարագործություններ է կատարել Իրանական հեղափոխության դեմ և 40 տարի պարտություն կրել»։ Ամերիկացիները տեսան, թե ինչ ծանր պարտություն հասցվեց 48 ժամում, ասել է նա՝ նկատի ունենալով անկարգությունների դեմ պայքարում Իրանի անվտանգության ուժերի հաջողությունը 48 ժամվա ընթացքում։ «Թշնամիներին մեր ուղերձը նույնն է, ինչ 40 տարի առաջ, բայց տարբերությունն այն է, որ մենք օրեցօր ավելի ուժեղ ենք դառնում»,- հայտարարել է դերծովակալ Ֆադավին։
Նոյեմբերի 24-ին Իրանի խորհրդարանի պատգամավոր Ջոմալի Ջաֆարզադեն հայտարարեց, որ բողոքներին ԱՄՆ-ի միջամտելը դարձել է անցյալ շաբաթ համացանցի անջատման պատճառներից մեկը։ Ըստ քաղգործչի, հաշվի առնելով իրավիճակը երկրում, համացանցի անջատումը միակ բանական լուծումն էր։ Նա նշեց, որ խորհրդարանը այլ կառույցների հետ մասնակցելու է հայրենական ՏՏ ընկերությունների կրած վնասը հաշվելուն, նաև ընդգծեց, որ խորհրդարանը դատապարտում է ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջահրոմիի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Իրանի ԱԱԲԽ-ն կարգադրել էր երկրում անջատել համացանցը, որ բողոքողները չկարողանան համակարգել իրենց գործողությունները, բայց արդեն նոյեմբերի 21-ին նահանգների մեծ մասում համակարգչային կապը վերականգնվել էր։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ «բողոքներին այլ երկրների ցույց տված պաշտպանությունը միջամտություն է Իրանի ներքին գործերին»։ Մարդիկ խաղաղ բողոքելու իրավունք ունեն, սակայն անկարգություններին մասնակցել են նաև «ահաբեկչական ուժեր»։ «Բողոքներին ԱՄՆ-ի միջամտությունը բնավ Իրանի ժողովրդի հանդեպ բարի կամքի նշան չէ,- ասել է դիվանագետը։- Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ուզում է ավելացնել լարվածությունը և արդյունքում իրականացնել պետական հեղաշրջում։ ԱՄՆ-ը ցանկանում է մարդկանց սադրելով ճնշում գործադրել կառավարության վրա, բայց նրա դավադրություններն անօգուտ են, քանի որ մարդկանց զանգվածները պատրաստ են պաշտպանելու իրանական կառավարությանը»։ Իսկ Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Աբբասալի Քադխոդային հայտարարել է, որ Եվրոպայի և Ամերիկայի կողմից բողոքավորներին պաշտպանելու արտահայտությունը պետք է կանխվի միջազգային դատարանի կողմից։ Պաշտոնյան իրանական իշխանություններին կոչ արեց, որ Միջազգային դատարանում ԵՄ-ին և ԱՄՆ-ին դատի տան «պետական ու մասնավոր սեփականության ոչնչացումը, հրազենով մարդկանց սպանությունը և Իրանի տարածքում քաոսի ստեղծումը» պաշտպանելու համար։ Նա բարձր գնահատեց Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բայեդինեժադի հայտարարությունները՝ ուղղված Արևմուտքի այն հակաիրանական քարոզչական ԶԼՄ-ների դեմ, որոնք պաշտպանել են անկարգություններն Իրանի տարածքում։ Դատական իշխանությունները խոստացել են, որ կուսումնասիրեն յուրաքանչյուր ձերբակալվածի մեղքը, և ամեն մեկը կստանա կատարած հանցագործությանը համաչափ պատիժ։
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ